Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին նշանակել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար։
Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ հանդիպել է Կիրիլ Բուդանովի հետ և առաջարկել նրան ստանձնել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Նրա խոսքով՝ ներկայում Ուկրաինան պետք է առավել կենտրոնանա անվտանգության հարցերի, պաշտպանության և անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղղության վրա, և նախագահի աշխատակազմը պետք է ծառայի հենց այս պետական առաջնահերթությունների իրականացմանը։
«Կիրիլն ունի հատուկ փորձ այս ուղղություններում և բավարար վճռականություն՝ արդյունքների հասնելու համար»,– նշել է Զելենսկին։
Նախագահը նաև հայտնել է, որ նորանշանակ ղեկավարին հանձնարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և այլ համապատասխան ղեկավարների ու հաստատությունների հետ համագործակցությամբ թարմացնել և հաստատման ներկայացնել Ուկրաինայի պաշտպանության և զարգացման ռազմավարական հիմքերը, ինչպես նաև հետագա քայլերը։
39-ամյա գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովը Գլխավոր հետախուզական վարչությունը ղեկավարում է 2020 թվականից։
Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը նոյեմբերի վերջին հրաժարական էր տվել՝ իրեն վերագրվող կոռուպցիոն կասկածների ֆոնին։