ԱՄՆ Պետքարտուղարությունը վերականգնել է Ռուսաստանի վերաբերյալ «չճանապարհորդել» մակարդակի զգուշացումը՝ նշելով ահաբեկչության, ապօրինի կալանքների և տեղական օրենքների կամայական կիրառման բարձր ռիսկեր։ Զգուշացումը հրապարակվել է այն պայմաններում, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է, և, ըստ Վաշինգտոնի, լարվածությունը սրվում է։
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունների հնարավորությունները սահմանափակ են՝ օգնելու Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին, քանի որ դեսպանատան և հյուպատոսությունների գործունեությունը կրճատված է։ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել Ռուսաստանը։ Ըստ զգուշացման՝ ռուսական իշխանությունները հաճախ առանց պատճառի հարցաքննում և սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին։
Փաստաթղթում ընդգծվում է, որ նախկինում ամերիկացիներին ձերբակալել են կեղծ մեղադրանքներով՝ զրկելով նրանց արդար դատավարությունից։ Միաժամանակ Պետքարտուղարությունը զգուշացնում է, որ Ռուսաստանում պետք է ենթադրել՝ բոլոր էլեկտրոնային հաղորդակցությունները և սարքերը վերահսկվում են, ուստի ճանապարհորդներին խորհուրդ է տրվում վերանայել էլեկտրոնային սարքեր իրենց հետ տանելու անհրաժեշտությունը։
Զգուշացման մեջ նշվում է, որ այն զբոսաշրջիկները, որոնք այնուամենայնիվ որոշեն մեկնել Ռուսաստան, պետք է պատրաստ լինեն անորոշ ժամկետով կալանավորման հնարավորությանը։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դուրս գալ բոլոր սոցիալական ցանցերից, Ռուսաստանում գտնվելու ընթացքում չօգտվել դրանցից, ինչպես նաև նախապես կարգավորել իրավական և ապահովագրական հարցերը։
Նշվում է նաև, որ Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի շրջաններում շարունակում է գործել ռազմական դրություն, ինչը թույլ է տալիս իշխանություններին սահմանափակել տեղաշարժը, կալանավորել օտարերկրացիներին և կիրառել արտակարգ միջոցներ։