Վրաստանում այսօրվանից սկսած բացվել է Ռիկոտի լեռնանցքով անցնող արագընթաց մայրուղու 52 կիլոմետրանոց նոր հատվածը, որը միացնում է արևմտյան և արևելյան Վրաստանը։ Այս մասին հայտարարել է երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մայրուղու շինարարությունը սկսվել է 2019 թվականին և ավարտվել է չորս փուլով։ Առանձին հատվածներ երթևեկության համար բացվել են աստիճանաբար, իսկ առաջին երկու կիլոմետրանոց հատվածը շահագործման է հանձնվել 2020 թվականին։
Նախագիծը առանձնանում է ռեկորդային տեխնիկական բնութագրերով։ Մայրուղին ներառում է 51 թունել և 97 կամուրջ։ Ամենաերկար թունելը 1.8 կիլոմետր երկարություն ունի, իսկ ամենաերկար կամուրջը՝ գրեթե 1.4 կիլոմետր։ Նախարարությունը նշում է, որ մայրուղին հագեցած է ժամանակակից լուսավորության համակարգերով և համապատասխանում է միջազգային ճանապարհային անվտանգության չափանիշներին։
Ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 2.6 միլիարդ լարի: Նախագիծը համաֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Վրաստանի պետական բյուջեի կողմից։
Ռիկոտի լեռնանցքով անցնող ճանապարհը E-60 եվրոպական տարանցիկ երթուղու մի մասն է: Սկսվելով Ֆրանսիայի Բրեստ քաղաքից և ավարտվելով Ղրղզստանի Իրկեշտամ քաղաքով, այն երկրորդ ամենամեծ եվրոպական տարանցիկ միջանցքն է։
Վրաստանում E-60-ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին՝ Փոթի նավահանգստի մոտ: Վրաստանում միջանցքի երկարությունը 392 կիլոմետր է։