Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նա հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը ագրեսիային կլինի ծանր։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին էլ խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ ռազմական հարվածի նոր սպառնալիքները՝ խոստանալով ջախջախիչ պատասխան ցանկացած հնարավոր ագրեսիայի դեպքում։
«Իրանի պաշտպանական դոկտրինի համաձայն՝ սպառնալիքներին պատասխանները պլանավորվում են նախքան դրանց իրագործումը»,– նշել է Շամխանին։
Նա ընդգծել է, որ երկրի հրթիռային և պաշտպանական հնարավորությունները չեն կարող զսպվել կամ կախված լինել թույլտվություններից։
«Ցանկացած ագրեսիա Իրանի դեմ կբախվի անմիջական ծանր պատասխանի՝ գերազանցող պլանավորողների երևակայությունը»,– զգուշացրել է Շամխանին։
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելի հարվածին Իրանի դեմ, եթե Թեհրանը շարունակի իր բալիստիկ հրթիռների և միջուկային ծրագրերը. «Հիմա լսում եմ, որ Իրանը կրկին փորձում է կառուցել, և եթե այդպես է, մենք ստիպված կլինենք նրանց ջարդել։ Մենք կջարդենք նրանց»։