Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախօրեին հրամանագիր է ստորագրել՝ ներում շնորհելով 22 անձի։
Ըստ բելառուսական լրատվամիջոցների, նրանցից 20-ը դատապարտված են եղել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար։ Ներում ստացածների թվում 15 կին և 7 տղամարդ են, 11-ի մոտ կան անչափահաս երեխաներ։
Բոլորն էլ դիմել են պետության ղեկավարի անունով ներում շնորհելու միջնորդագրերով, ընդունել են իրենց մեղքը և զղջացել կատարվածի համար։
Ներում շնորհելու որոշումը նախագահը կայացրել է հումանիտար նկատառումներից ելնելով և ընտանիքների շահերից, ինչպես նաև հաշվի առնելով ներում ստացած անձանց դրական բնութագրերը։
Միջազգային լրատվամիջոցների պնդմամբ, սա Բելառուսում համաներման երկրորդ որոշումն է այս ամսվա ընթացքում․ շաբաթներ առաջ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններից հետո, Լուկաշենկոն ազատ էր արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալների, այդ թվում՝ հինգ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և այլախոհ, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիին։ Վաշինգտոնն, իր հերթին, վերացրել էր Մինսկի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։ Ներման արժանացած անձիք ևս քաղբանտարկյալներ են։