ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկու կողմերը «զգալիորեն մոտեցել են, գուցե և շատ մոտ են» Ուկրաինայում պատերազմի դադարեցման համաձայնությանը։ Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ վիճելի Դոնբասի տարածաշրջանի ճակատագիրը շարունակում է մնալ հիմնական չլուծված խնդիրը։
Թրամփը նշել է, որ «մի քանի շաբաթից» պարզ կդառնա բանակցությունների հաջողության հարցը՝ ընդգծելով տարածքային դժվարին խնդիրների առկայությունը։ «Հրաշալի հանդիպում ունեցանք Զելենսկու հետ։ Մենք շատ մոտ ենք համաձայնությանը։ Չլուծված է մնում 1-2 բարդագույն հարց ընդամենը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ տարածքային խնդիրները ամենալուրջն են։ Թրամփը շեշտել է, որ Ուկրաինան պետք է ցանկացած կարգավորում հաստատի խորհրդարանի կամ հանրաքվեի միջոցով։ «Պետք է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում առաջիկա ամիսներին Ուկրաինան կարող է կորցնել նոր տարածքներ»,- հավելել է նա։
Թրամփը նաև նշել է, որ պատրաստ է գնալ Ուկրաինա ու ելույթ ունենալ Ռադայում. «Ես պատրաստ եմ գալ Ուկրաինա և դիմել խորհրդարանին, եթե դա կօգնի գործարք կնքել»,-ասել է նա։
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ձեռք է բերվել համաձայնություն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ «20 կետանոց պայմանագրի 90%-ը համաձայնեցված է։ 100%-ով համաձայնեցված է Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցը»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ ցանկացած խաղաղ համաձայնություն պետք է հաստատվի խորհրդարանի կամ հանրաքվեի միջոցով։
Խոսելով Դոնբասի մասին՝ Զելենսկի ասել է. «Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք պետք է հարգենք Ուկրաինայի Սահմանադրությունը և մեր տարածքային ամբողջականությունը»։