Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտնել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հաջորդ հանդիպման վերաբերյալ համաձայնության մասին։
Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին «հրաշալի հանդիպման» համար։ Ըստ նրա՝ կայացել է բովանդակային զրույց բոլոր հարցերի շուրջ։
«Բարձր գնահատում ենք առաջընթացը, որին հասել են ուկրաինական և ամերիկյան թիմերը վերջին շաբաթների ընթացքում»,- նշել է Զելենսկին։
Առանձին շնորհակալություն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին նրանց ներգրավվածության և գործին լիակատար նվիրվածության համար, ինչպես նաև գործունեությունը գնահատել ուկրաինացի ներկայացուցիչների՝ մասնավորապես Ռուստեմ Ումերովի և Անդրեյ Գնատովի։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ քննարկվել են խաղաղության շրջանակի բոլոր ասպեկտները և ձեռք են բերվել զգալի արդյունքներ։ Բացի այդ, Զելենսկին և Թրամփը քննարկել են հետագա քայլերի հաջորդականությունը։
Զելենսկու խոսքով՝ անվտանգության երաշխիքները կարևորագույն նշանակություն ունեն դիմացկուն խաղաղության հասնելու ճանապարհին.
«Համաձայնեցրինք, որ մեր թիմերը կհանդիպեն արդեն հաջորդ շաբաթ՝ քննարկվող բոլոր հարցերը վերջնականապես համաձայնեցնելու համար»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է նաև, որ ԱՄՆ նախագահի հետ համաձայնեցվել է, որ 2026 թվականի հունվարին Թրամփը Վաշինգտոնում կընդունի ուկրաինացի և եվրոպացի առաջնորդներին. «Ուկրաինան պատրաստ է խաղաղության»,- ընդգծել է Զելենսկին իր գրառման վերջում։