Ֆլորիդայում տեղի է ունենում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Լրագրողների հետ կարճատր զրույցում ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հասել են բանակցությունների վերջին փուլին։
«Հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ դեռ երկար կշարունակվի։ Կմահանան միլիոնավոր մարդիկ»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները ցանկանում են համաձայնության գալ, սակայն վերջնաժամկետներ չի նշել։
«Ես վերջնաժամկետներ չունեմ: Ոչ ոք նույնիսկ չգիտի, թե ինչ է ասվելու անվտանգության մասին համաձայնագրում։ Բայց անվտանգության մասին համաձայնագիրը լինելու է»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը հսկայական տնտեսական օգուտներ կբերի Ուկրաինային, սակայն դեռ երկար աշխատանք կա կատարելու։ Թրամփը հերքել է նաև տեղեկությունը, որ Մոսկվան անլուրջ է վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանը և մատնանշել է Կիևի հարձակումները Ռուսաստանի Դաշնության վրա։
«Կարծում եմ, որ Ուկրաինան նույնպես շատ ուժեղ հարձակումներ է իրականացրել, և ես դա բացասաբար չեմ ասում, ինչ-որ պայթյուններ են եղել Ռուսաստանի տարբեր շրջաններում։ Չեմ կարծում, որ Կոնգոյից է եկել: Չեմ կարծում, որ դա եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Հնարավոր է՝ դա Ուկրաինայից է եկել»,- ասել է Թրամփը։
Թրամփ-Զելենսկի բանակցություններն այժմ շարունակվում են փակ ձևաչափով։