Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական զինված կազմավորումների միջև։ Վերջիններս Դամասկոսի հետ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մինչև տարեվերջ պետք է ինտեգրվեն Սիրիայի բանակի կազմում։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը և քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հրամանատարությունը հայտարարել են, որ իրենց ստորաբաժանումներին հրահանգել են դադարեցնել կրակը Հալեպում։ Երկու կողմերի հաղորդմամբ՝ փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է առնվազն երեք քաղաքացիական անձ, ևս 25-ը վիրավորվել են։
Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերը գտնվում են քրդական ուժերի վերահսկողության ներքո։
Հոկտեմբերին Հալեպում արդեն արձանագրվել էին բախումներ երկու քրդաբնակ թաղամասերում, որոնցից հետո կողմերը ևս հայտարարել էին կրակի դադարեցման մասին։
Ինչպես հիշեցնում է AFP գործակալությունը, մարտին կնքված համաձայնությամբ քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները, որոնք վերահսկում են Սիրիայի նավթով հարուստ հյուսիս-արևելյան շրջանների մեծ մասը, մինչև տարվա ավարտը պետք է ինտեգրվեին Դամասկոսին ենթակա միասնական պետական կառույցներին։ Սակայն կողմերի միջև առկա լուրջ տարաձայնությունների պատճառով համաձայնությունը նախատեսված ժամկետում չի իրականացվել։
Հալեպում փոխհրաձգությունները տեղի են ունեցել Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարայի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց։