ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ Վերջինս հայտարարել է, որ մտադիր է աշխատել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ուղղությամբ։
«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ։ Մեծ պատիվ կլինի Ձեզ ծառայել այս կամավոր պաշտոնում՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու նպատակով»,– X սոցիալական հարթակում գրել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին։
Թրամփը բազմիցս արտահայտել է Արկտիկայում գտնվող այս կղզին ԱՄՆ-ին միացնելու իր ցանկությունը՝ պնդելով, որ այն կարևոր նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար։
Հանրապետական Ջեֆ Լենդրիի նշանակման մասին Թրամփը հայտարարել է դեկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը։ Նրա խոսքով՝ Լենդրին գիտակցում է, թե որքան «կարևոր է Գրենլանդիան ԱՄՆ ազգային անվտանգության տեսանկյունից», և պատրաստ է առաջ մղել Վաշինգտոնի շահերը։ «Գրենլանդիան մեզ պետք է ոչ թե հանածոների, այլ ազգային անվտանգության համար»,- ասել է նա։
Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց նշանակելու մասին Թրամփի որոշումը Դանիայում առաջացրել է սուր արձագանք։ Կոպենհագենում հայտարարել են, որ պարզաբանումներ ստանալու նպատակով մտադիր են կանչել ԱՄՆ դեսպանին։
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը նշել է, որ խորապես մտահոգված է Վաշինգտոնի այս քայլով և զգուշացրել է ԱՄՆ իշխանություններին Դանիայի ինքնիշխանությունը անտեսող ցանկացած գործողությունից։
Միևաժամանակ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է.
«Մենք նախկինում արդեն հստակ արտահայտվել ենք և այժմ կրկնում ենք։ Ազգային սահմանները և պետությունների ինքնիշխանությունը հիմնված են միջազգային իրավունքի վրա… Դուք չեք կարող գրավել այլ երկրներ»։
Նրանք ընդգծել են, որ խոսքը վերաբերում է «հիմնարար սկզբունքներին»՝ հավելելով. «Գրենլանդիան պատկանում է գրենլանդցիներին, և ԱՄՆ-ը չպետք է գրավի Գրենլանդիան։ Մենք ակնկալում ենք մեր ընդհանուր տարածքային ամբողջականության լիարժեք հարգում»։