Միջազգային

Ռուսական կողմի հետ բանակցություններն արդյունավետ ու կառուցողական էին. Ուիթքոֆֆ

Ռուսական կողմի հետ բանակցություններն արդյունավետ ու կառուցողական էին. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը Մայամիում ռուսական պատվիրակության հետ 2-օրյա բանակցությունները գնահատել է «արդյունավետ և կառուցողական»։ Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և վարչակազմի ներկայացուցիչ Ջոշ Գրյունբաումը։

Ուիթքոֆֆը X սոցիալական ցանցում գրել է. «Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին։ Ռուսաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ջանքերն ու աջակցությունը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման և գլոբալ անվտանգության վերականգնման գործում»։

Նման դիրքորոշում է ներկայացրել նաև բանակցություններին մասնակցած Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։

Սակայն կողմերը բանակցությունների բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակել։

Մայամիի ռուս-ամերիկյան հանդիպումից առաջ անցկացվել էին նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռօրյա բանակցություններ։ Ուիթքոֆֆի խոսքով՝ Կիևը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու նպատակին։ Նա հայտնել է, որ ուկրաինացի ներկայացուցիչների հետ քննարկվել են չորս փաստաթուղթ՝ ներառյալ 20-կետանոց խաղաղության պլանը, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների փաստաթուղթը, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական զարգացման հետագա ծրագիրը։

Ուիթքոֆֆի փոխանցմամբ՝ բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել «ժամկետների» և «հաջորդ քայլերի հերթականության» հարցերի վրա։

«Խաղաղությունը պետք է դառնա ոչ միայն մարտական գործողությունների դադարեցում, այլև կայուն ապագայի արժանապատիվ հիմք»,– նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական