ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ երեք տասնյակ դիվանագետի՝ նպատակ ունենալով փոխել երկրի դիվանագիտական ներկայությունը արտասահմանում և նրանց փոխարինել պաշտոնյաներով, որոնք լիովին կիսում են «Ամերիկան առաջին հերթին» քաղաքական առաջնահերթությունները, հաղորդում է AP News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդմ, անցած շաբաթ առնվազն 29 երկրի ԱՄՆ առաքելությունների ղեկավարներին տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին։ Նրանց մեծ մասը նշանակվել էր Ջո Բայդենի վարչակազմում, սակայն շարունակում էին պաշտոնավարել նաև Թրամփի երկրորդ նախագահության սկզբնական փուլում՝ մինչ կադրային փոփոխությունների իրականացումը։
Ընդհանուր ընդունված է, որ դեսպանները ղեկավարում են ԱՄՆ առաքելությունները նախագահի հայեցողությամբ, թեև սովորաբար պաշտոնում մնում են երեքից չորս տարի։ Այս ուղղությամբ կատարվող տեղաշարժի արդյունքում հետ կանչվող դիվանագետները չեն կորցնի աշխատանքի հնարավորությունը՝ նրանք կվերադառնան Վաշինգտոն և կստանան նոր նշանակում այլ պաշտոններում։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել դիվանագետների թվի կամ կոնկրետ անունների վերաբերյալ, սակայն ներկայացված փոփոխությունները բնութագրել է որպես «ցանկացած վարչակազմի համար սովորական գործընթաց»։ Գերատեսչությունը ընդգծել է, որ դեսպանն ԱՄՆ նախագահի անձնական ներկայացուցիչն է և նախագահը լիազորված է ապահովելու, որ տվյալ երկրներում ԱՄՆ շահերը ներկայացնեն մարդիկ, ովքեր առաջ են տանում «Ամերիկան առաջին հերթին» օրակարգը։