Միջազգային

Դարի վերջին բոլոր սառցադաշտերի 79%-ը կհալվի

Դարի վերջին բոլոր սառցադաշտերի 79%-ը կհալվի

Դարի վերջին բոլոր սառցադաշտերի 79%-ը կհալվի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Վերջին 20 տարիների ընթացքում հալվել է առնվազն 4000 սառցադաշտ։ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները կլիմայական մոդելների օգտագործմամբ կանխատեսել են, թե ինչ կպատահի աշխարհի 211,000 սառցադաշտերի հետ այս դարում՝ կլիմայի գլոբալ փոփոխության տարբեր սցենարների դեպքում։ Նրանց արդյունքները հրապարակվել են Nature Climate Change ամսագրում։

Եթե կառավարությունները կատարեն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու իրենց պարտավորությունները, դարի վերջին երկրի միջին ջերմաստիճանը 2.7°C-ով ավելի բարձր կլինի, քան արդյունաբերական հեղափոխությունից առաջ էր։ Այս դեպքում, գիտնականների հաշվարկներով, աշխարհի սառցադաշտերի 79%-ը կանհետանա մինչև 2100 թվականը։

Եթե միջին ջերմաստիճանը բարձրանա 2°C-ով, կանհետանա սառցադաշտերի 63%-ը։ Եթե արտանետումների կրճատման պարտավորությունները չկատարվեն, մոլորակը կտաքանա 4°C-ով։ Այս դեպքում սառցադաշտերի 91%-ը կհալվի։

Գիտնականների հաշվարկով՝ այս դարում սառցադաշտերի հալքը կբարձրացնի ծովի մակարդակը 25 սանտիմետրով։ Սա նաև կնվազեցնի ամառային ջրերի հոսքը, որը շատ շրջաններ օգտագործում են ոռոգման համար: Սառույցի հալվելը նաև հանգեցնում է ջրհեղեղների՝ սառցադաշտային լճերում ջրի մակարդակի բարձրացման և բնական ամբարտակների փլուզման պատճառով: Նման ջրհեղեղը Հնդկաստանում 2023 թվականին խլել է 55 մարդու կյանք։

Naked Science առցանց հրատարակության տվյալներով՝ նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ եթե մարդկությունը սահմանափակի գլոբալ տաքացումը մինչև 1.5°C, բոլոր սառցադաշտերի կեսը ամեն դեպքում կհալվի: Նոր ուսումնասիրության հեղինակները ճշգրտել են այս ցուցանիշը՝ հաշվարկելով, որ սառցադաշտերի 55%-ը կանհետանա։

Հեղինակները գնահատում են, որ հալման գագաթնակետային տեմպը կհասնի դարի կեսերին: Գործընթացը կդանդաղի, երբ փոքր լեռնային սառցադաշտերը կանհետանան՝ թողնելով ավելի մեծերը, ինչպիսիք են Արկտիկայի և Անտարկտիդայի սառցադաշտերը»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական