«Բարեկամական հանդիպում ունեցա Ադրբեջանի վարչապետի հետ Թուրքմենստանում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը մեր հիանալի բարեկամն է, և մեր կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ, ուստի մեզ համար դժվար չի լինի որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնել»․ Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական պայմանավորվածությունն է։
«Մեզ համար ադրբեջանական կողմի շահերը բացարձակապես ընդունելի են, ինչպես նաև՝ հայկական կողմի շահերը: Մենք ունենք մեր սեփական շահերը, և կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա հեշտությամբ կգտնենք լավագույն ուղին, որ կբավարարի երեք երկրներին», - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաև պատասխանել է Հարավային գազային միջանցքի համաձայնագրի ժամկետը լրանալու հարցին և նշել, որ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ են ընթանում, Վրաստանը բացառիկ բարեկամական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ, ինչը լավատեսության հիմք է տալիս, և վրացական կողմը հույս ունի հասնել երկու կողմերի համար շահավետ համաձայնության։
Հիշեցնենք, որ Radar Armenia-ում հրապարակված հոդվածը ամբողջական անդրադարձ է կատարում թեմայի շուրջ վերջերս տեղի ունեցած իրադարձություններին և զարգացումներին։