ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային ամբողջական շրջափակման մասին:
«Այսօր ես հրաման եմ տալիս սահմանել Վենեսուելա մտնող և դուրս եկող պատժամիջոցների տակ գտնվող գտնվող նավթատար նավերի ամբողջական շրջափակում», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
Վենեսուելայի կառավարությունը պատասխանել է, որ Թրամփի որոշումը «բացարձակապես անհիմն է» և խախտում է առևտրի ու նավարկության ազատությունը:
Այս աշնանը Թրամփի վարչակազմը Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ, կուտակել է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ ռազմանավային խումբը: Պաշտոնապես հայտարարվել էր, որ խմբի նպատակը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարն է:
Իր գրառման մեջ Թրամփը, հիշատակելով «գողացված նավթահանքերը», մեղադրել է Նիկոլաս Մադուրոյի գլխավորած վենեսուելական իշխանություններին ամերիկյան սեփականության գողության, ահաբեկչության, թմրանյութերի առևտրի, մարդկանց մաքսանենգության և սպանությունների մեջ:
«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով: Այն միայն կաճի, և նրանց համար ցնցումը կլինի այնպիսին, ինչպիսին նրանք երբևէ չեն տեսել՝ մինչև չվերադարձնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին բոլոր այն նավթը, հողը և այլ սեփականությունը, որոնք նախկինում գողացել են մեզանից», – գրել է Թրամփը:
Նիկոլաս Մադուրոյի նախորդը՝ հանգուցյալ Ուգո Չավեսը, այս դարի առաջին տասնամյակում ազգայնացրել էր նավթահանքերը՝ հրամանագրով ստիպելով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների ընկերություններին վենեսուելական պետական PDVSA նավթային կորպորացիային հանձնել վերահսկող փաթեթները:
Թրամփը գրառման մեջ նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ն Մադուրոյին և նրա շրջապատին հայտարարել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»: