Միջազգային

Իրանը դեմ է Հարավային Կովկասին վերաբերող Թրամփի ծրագրին

Իրանը դեմ է Հարավային Կովկասին վերաբերող Թրամփի ծրագրին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ 

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները: Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:

Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար:

ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հարցերի վերաբերյալ շարունակական երկխոսությունների ու խորհրդակցությունների անցկացումը։

Միևնույն ժամանակ՝ Mehr գործակալությունը հայտնում է, որ Վելայաթիի խոսքով՝ Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասին վերաբերող ծրագրին, քանի որ այն լուրջ սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար։

«Թրամփի, այսպես կոչված, կովկասյան ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա։

Վելայաթին բացատրել է, որ միջանցքն ստեղծում է «պայմաններ Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար» և լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային հատվածներին։

Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդականը նաև նշել է, որ այս ծրագիրն «էապես նույն նախագիծն է, բայց նոր անունով, և այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների մուտքի միջոցով հայկական շուկա»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն զորքեր է տեղակայում տարածաշրջանում՝ տնտեսական գործունեության պատրվակով։

«Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները սկզբում զգայուն շրջաններ են թափանցում տնտեսական նախագծերի պատրվակով, բայց աստիճանաբար նրանց ներկայությունն ընդլայնվում է՝ ներառելով ռազմական և անվտանգության հարցեր»,- ասել է Վելայաթին՝ հավելելով, որ «ԱՄՆ ներկայությունն Իրանի սահմաններին՝ ցանկացած ձևով, ակնհայտ վտանգավոր հետևանքներ ունի»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական