ԱՄՆ-ն դեռևս չի արձագանքել Ուկրաինայի խաղաղության ծրագրի նոր առաջարկներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Խաղաղության ծրագրի առաջարկների վերաբերյալ դեռևս որևէ արձագանք չկա, բայց ես մի քանի ուղերձ եմ լսել իմ բանակցային թիմից։ Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ։ Անշուշտ, փոխզիջումներ կլինեն։ Ամենակարևորը, որ այն արդարացի լինի Ուկրաինայի համար, քանի որ պատերազմը ՌԴ-ն է սկսել»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «գլխավորն այն է, որ դա լինի պատերազմի ավարտի ուղղությամբ արդյունավետ և կարևոր քայլ, այլ ոչ թե պարզապես թղթի կտոր։ Եվ դա պետք է լինի այնպիսին, որ Ռուսաստանը չկարողանա ագրեսիայի երրորդ ակտ ձեռնարկել ուկրաինացի ժողովրդի դեմ»։
Զելենսկին հավելել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ինչպես դա անում է հիմա, կարծում է՝ ռուսները կզիջեն։
«Մենք Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն չունենք. ամերիկացիները ներկայացնում են ռուսական կողմը և խոսում են իրենց ազդանշանների մասին։ Մենք, մեր կողմից, Ամերիկայի հետ քննարկում ենք ոչ միայն մեր հարաբերությունները, այլև ռուսական ազդանշաններին մեր արձագանքը»,- ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր։
«Սա կապահովեր իրական անվտանգության երաշխիքներ, բայց մեր եվրոպացի գործընկերները և ԱՄՆ-ն չեն աջակցել։ Հետևաբար, այսօր Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ անվտանգության երաշխիքները, ինչպես նաև ԵՄ-ի և այլ երկրների անվտանգության երաշխիքները մեզ համար հնարավորություն են՝ կանխելու Ռուսաստանի կողմից կրկին հարձակումը։ Եվ սա արդեն փոխզիջում է»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ ներկայիս ժամանակները պահանջում են հարգանք ուժի, այլ ոչ թե արժեքների նկատմամբ։
«Որովհետև եթե մենք խոսում ենք արդարության, արժեքների և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին, ռուսները պետք է դատապարտվեին սկզբից՝ 10 տարի առաջ, Ուկրաինա ներխուժելու համար։ Սա տեղի չունեցավ»,- նշել է նա։