Reform.news-ը, հղում անելով մի քանի աղբյուրի, հաղորդում է, որ մոտակա ժամերին սպասվում է ավելի քան 150 բելառուս քաղբանտարկյալի ազատ արձակման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն։
Ազատումը տեղի է ունենում Մինսկի հետ լեհ-ամերիկյան բանակցությունների շրջանակներում։ Աղբյուրների համաձայն՝ ազատ արձակված քաղբանտարկյալները Բելառուսից կարտաքսվեն Լեհաստան։
ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Քրիս Սմիթը շաբաթվա սկզբից գտնվում է Մինսկում։ Ավելի ուշ նրան միացել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլը։ Հինգշաբթի օրը Քոուլը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Դեռ չի նշվում՝ ովքեր են ներառվելու ազատվածների ցուցակում, սակայն աղբյուրները հայտնում են, որ ամերիկյան կողմը հաշվի է առել Լեհաստանի ցանկությունները։