Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Քնեսեթի պատգամավորները ստիպված են եղել չեղարկել այս շաբաթավերջին նախատեսված Վրաստան կատարելիք իրենց ուղևորությունը՝ ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Անդամները պետք է մասնակցեին Վրաստանում կայանալիք «Իսրայելի շաբաթվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում՝ վրաց-իսրայելական բիզնես ֆորումին։
Վրաց-իսրայելական բիզնես պալատի նախագահ Իցիկ Մոշեն հաստատել է այս տեղեկությունը:
Իցիկ Մոշեն նաև հայտնել է, որ սպառնալիքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է վրացական կողմին: Նա վստահություն է հայտնել, որ միջոցառման անվտանգությունը կապահովվի։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ «ոչ վրացական, ոչ էլ իսրայելական հետախուզական գործակալությունները որևէ տեղեկություն չունեի հնարավոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին»։
«Մենք կապի մեջ ենք Իսրայելի հետախուզական ծառայության ներկայացուցիչների հետ, որոնք իրենց զարմանքն են հայտնել սխալ տեղեկատվության տարածման վերաբերյալ: Շատ տխուր է, որ նման տեղեկատվություն տարածվում է որոշ վրացական լրատվամիջոցների կողմից՝ առանց մեր կողմից ստուգվելու: Մենք կտրականապես կոչ ենք անում բոլորին զերծ մնալ Վրաստանին վնասող չստուգված տեղեկատվության տարածումից», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: