Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Վենեսուելայի ափերի մոտ պատժամիջոցների տակ գտնվող նավթատար տանկեր է առգրավել։ Այս քայլը սրել է Վաշինգտոնի և Կարակասի միջև լարվածությունը և մտահոգություններ է առաջացրել նավթի մատակարարումների հնարավոր խաթարումների հետ կապված։
• Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 27 ցենտով (0,4%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62,48 ԱՄՆ դոլարի:
• Ամերիկյան WTI (West Texas Intermediate) նավթի գինը բարձրացել է 33 ցենտով (0,6%)՝ կազմելով մեկ բարելի համար 58,79 դոլար:
Շուկայի վերլուծաբան Թոնի Սիկամորի կարծիքով՝ WTI-ի գնի աճը պայմանավորված է հենց Վենեսուելայի մոտ տանկերի առգրավման լուրով. «Այս իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կպահեն նավթի գինը 55 դոլարի մակարդակից վեր՝ մինչև տարեվերջ, եթե, իհարկե, Ուկրաինայում անսպասելի խաղաղ համաձայնություն չձեռք բերվի», – նշել է Սիկամորը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մենք հենց նոր առգրավեցինք տանկեր Վենեսուելայի ափերի մոտ՝ մեծ տանկեր, շատ մեծ, իրականում ամենամեծերից մեկը»: