ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանատան կլոր սեղանի ժամանակ մի շարք կարևոր հայտարարություններ է արել։
Լավրովը նշել է, որ Հարավարևելյան Ուկրաինան՝ Օդեսան, Նիկոլաևը, ռուսների կողմից հիմնադրված տարածքներ և քաղաքներ են։ Նա հիշեցրել է, որ գործարանները և նավահանգիստները նույնպես կառուցվել են ռուսների կողմից։
«Եվ այնուհետև, Խորհրդային Միության շրջանակներում, այս հողերը բյուրոկրատական ճանապարհով փոխանցվել են Ուկրաինայի այն մասերին, որոնք հայտնի են որպես Գալիցիա և այլ արևմտյան տարածքներ», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Radar Armenia-ն առանձնացրել է ՌԴ ԱԳ նախարարի այլ աչքի ընկնող հայտարարություններ ևս.
- Ռուսաստանը սկսեց իր գործողությունները միայն այն բանից հետո, երբ հասկացավ, որ Արևմուտքը Կիևին քարտ-բլանշ տվեց Դոնբասի դեմ ռազմական գործողությունների համար:
- Հակամարտության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 1 միլիոնը։
- Ռուսաստանը և Ուկրաինան ստամբուլյան բանակցությունների արդյունքում փոխանակել են 2,5 հազար զինվորական։
- Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 11 000 զինվորականի մարմին, փոխարենը ստացել 201 զոհված ռուս զինվորականի մարմին։
- Ուկրաինական հակամարտության ձգձգումը Զելենսկու համար քաղաքական, հնարավոր է նաև՝ ֆիզիկական գոյատևման խնդիր է։
- Կիևը չի կարող և չի արտահայտում Նովոռոսիայի, Դոնբասի և, իհարկե, Ղրիմի շահերը։