Միջազգային

Անհայտ ԱԹՍ-ներ՝ Զելենսկու ինքնաթիռի վայրէջքից առաջ

Անհայտ ԱԹՍ-ներ՝ Զելենսկու ինքնաթիռի վայրէջքից առաջ

BBC-ի տեղեկություններով՝ Իռլանդիայի կառավարությունը տեղեկություն է ստացել երկրի օդային տարածքում անհայտ անօդաչու սարքերի հայտնվելու մասին։ ԱԹՍ-ները հայտնվել են այն ժամանակ, երբ Դուբլինում պետք է վայրէջք կատարեր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ինքնաթիռը։ Զելենսկին Իռլանդիա էր ժամանել պաշտոնական այցով շաբաթվա սկզբին։

Իռլանդիայի կառավարության աղբյուրները հաստատել են միջադեպի փաստը, սակայն Իռլանդիայի զինված ուժերը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը, որը սկզբում տարածվել էր լրատվամիջոցներով։

Անօդաչուների մասին տեղեկությունը հաստատել է նաև Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը։

«Անվտանգության համար պատասխանատու է ընդունող կողմը։ Նրանց տվյալներով՝ իսկապես եղել են նման անօդաչուներ, բայց դա ոչ մի կերպ չի ազդել այցի վրա և չի պահանջել ծրագրում որևէ փոփոխություն»,- ուկրաինացի լրագրողներին ասել է Լիտվինը։

Առաջինը անօդաչուների մասին հայտնել է իռլանդական The Journal-ը։ Ըստ հրապարակման՝ երկուշաբթի երեկոյան, երբ Զելենսկու ինքնաթիռը մոտենում էր Դուբլինին, չորս անհայտ անօդաչու սարք թռչել է նախագահական ինքնաթիռի ենթադրյալ երթուղու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական