Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է և պատրաստ է այսուհետ ևս անխափան վառելիք մատակարարել Հնդկաստանին․ հայտարարել Է նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից հետո:
Պուտինը նշել է, որ երկրների միջև հաջողությամբ զարգանում է էներգետիկ գործընկերությունը:
«Ռուսաստանը էներգառեսուրսների և այն ամենի հուսալի մատակարարն է, ինչ անհրաժեշտ է էներգետիկայի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ապահովել վառելիքի անխափան մատակարարումն արագ զարգացող հնդկական տնտեսության համար», - հավելել է նա։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել էներգետիկ ոլորտում լայնածավալ համագործակցությունը:
«Կողմերը մատնանշել են ռուսական և հնդկական ընկերությունների ընթացիկ և պոտենցիալ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ կարևորելով էներգետիկայի ոլորտում ներդրումային նախագծերի հետ կապված հարցերի օպերատիվ լուծումը, և պայմանավորվել են լուծել տարբեր խնդիրներ, որոնց բախվում են ներդրողները», - ասված է հայտարարության մեջ: