Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է և անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի գլուխը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության, այս մասին ասվել է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և դրա իրավունքների մասին։ Ըստ նրա՝ այս բնակչության մեջ են մտնում տեղահանություններից և կոտորածներից անմիջականորեն տուժած մարդկիկ։
«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»,- հայտարարել է Ալիևը։
Ըստ Ալիևի՝ ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը և պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու համար։