Միջազգային

Ռուս-ամերիկյան բանակցությունները մոտ հինգ ժամ են տևել

Ռուս-ամերիկյան բանակցությունները մոտ հինգ ժամ են տևել

Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Դրանք տևել են մոտ հինգ ժամ՝ սկսվել են մոսկովյան ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում (գրեթե երեք ժամ ուշացումով) և ավարտվել են գիշերը ժամը 00:30-ին։

Ռուսական կողմից, բացի Պուտինից, մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Հանդիպումից հետո Դմիտրիևը X-ում գրել է մեկ բառ. «Արդյունավետ»։

Յուրի Ուշակովը, մեկնաբանելով բանակցությունները, ասել է.

- Տարածքային հարցում դեռևս փոխզիջումային տարբերակ չի գտնվել, սակայն ամերիկյան կողմը ներկայացրել է իր առաջարկները։ 

- Մենք ո՛չ ավելի մոտեցանք, ո՛չ էլ հեռացանք կարգավորմանը։ Առջևում մեծ աշխատանք կա։ 

- Պուտինը քննադատել է ամերիկյան առաջարկների որոշակի կետեր, բայց շատերի հետ համաձայնել է։ 

- Ռուսաստանը ծանոթացել է Թրամփի 27-կետանոց պլանին և ստացել է ևս 4 փաստաթուղթ. այս ամենը քննարկվել է հանդիպման ժամանակ։ Մանրամասն ձևակերպումները չեն քննարկվել, խոսքը գնացել է «էության մասին»։

- Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը կախված է օգնականների և ԱԳՆ-ների աշխատանքից։ 

- Համաձայնվել ենք չհրապարակել մանրամասները։

Հանդիպումից հետո Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն։

Սա Ուիթքոֆի 2025 թվականի վեցերորդ այցն է Մոսկվա։ Ջարեդ Քուշներն առաջին անգամ է ուղեկցում Ուիթքոֆին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական