Կիրակի օրը ԱՄՆ-ը և Ուկրաինան Ֆլորիդայում ավարտել են մոտ չորսժամյա բանակցությունները։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Մոսկվա այցից առաջ։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումը եղել է արդյունավետ, սակայն խաղաղ համաձայնության որոնման գործընթացում դեռ շատ աշխատանք կա։
«Խոսքը ոչ միայն կրակի դադարեցման պայմանների մասին է, այլև այն պայմանների մասին, որոնք Ուկրաինային կապահովեն երկարաժամկետ բարգավաճում։ ... Կարծում եմ՝ այսօր մենք առաջընթաց գրանցեցինք այդ ուղղությամբ, բայց դեռ շատ անելիք կա»,- ասել է Ռուբիոն։
Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ։
Ամերիկյան կողմից բարձրաստիճան բանակցություններին մասնակցել են Մարկո Ռուբիոն, Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ իրեն զեկուցել են բանակցությունների մասին և որ «Ուկրաինան մի քանի բարդ խնդիր ունի»՝ նկատի ունենալով կոռուպցիոն սկանդալը, որը, նրա խոսքով, «օգտակար չէ»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է. «Կա լավ հնարավորություն, որ մենք կկարողանանք համաձայնության գալ»։