Ուկրաինական ծովային անօդաչու սարքերը Սև ծովում խոցել են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» երկու նավթատար նավ։
Միաժամանակ Ղազախստանը բողոք է հայտնել Նովորոսիյսկում Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի նավթային տերմինալի վրա ուկրաինական հարձակման կապակցությամբ։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել «Կայրոս» և «Վիրատ» նավթատարները, որոնք նավարկում են Գամբիայի դրոշի ներքո և գտնվում են Մեծ Բրիտանիայի ու ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված միջազգային սանկցիաները շրջանցելու համար ռուսական նավթ տեղափոխելու մեղադրանքով։
Երկու նավն էլ խոցվել է Թուրքիայի ափերի մոտ։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան նավը «կրկին ենթարկվել է հարձակման՝ ստանալով աննշան վնասվածքներ աջ կողմում»։ «Նավի վրա հրդեհ չկա, անձնակազմը լավ է զգում։ Փրկարարները գտնվում են անվտանգ հեռավորության վրա»,— ասված է հայտարարությունում։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ օգնություն են ցուցաբերել նավերին։
Ուկրաինայի անվտանգության ծառայության անանուն աղբյուրն հայտնել է, որ երկու նավթատարներն էլ դատարկ են եղել և ուղևորվում էին դեպի Նովորոսիյսկի ռուսական ծովային տերմինալ։
Թուրքիայի կառավարությունը դատապարտել է ուկրաինական հարձակումները նավթատարների վրա։ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, որ հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում և «լուրջ սպառնալիք են ստեղծել տարածաշրջանում նավագնացության, մարդկային կյանքերի, գույքի և էկոլոգիական անվտանգության համար»։