Միջազգային

Խուզարկություններ Երմակի տանը

Խուզարկություններ Երմակի տանը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է, որ իր տանը խուզարկություններ են սկսվել, որոնք իրականացնում են Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (САП) հետաքննիչները:

«Այսօր Հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն դատախազությունը իսկապես դատավարական գործողություններ են իրականացնում իմ տանը։ Քննիչները որևէ խոչընդոտի չեն հանդիպում։ Նրանց տրվել է բնակարան մուտք գործելու լիարժեք հնարավորություն, և իմ փաստաբանները տեղում են՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ։ Ես ապահովում եմ լիարժեք համագործակցություն», - գրել է նա։

Ավելի վաղ НАБУ-ից հայտնել էին, որ իրենց հետաքննիչները խուզարկություններ են անցկացնում կառավարական թաղամասում նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը:

Նշենք, որ Ուկրաինայում օրերս բռնկվել էր «Միդաս» անունով կոռուպցիոն սկանդալ՝ խուզարկությունների և գործարար Թիմուր Մինդիչի մասին ծանուցում ներկայացնելու ֆոնին։ Նա կասկածվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցները լվանալու և պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովի վրա անօրինական ազդեցություն ունենալու մեջ։

Նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատախազության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոն պատմել է, թե ինչպես է Մինդիչը փախել Ուկրաինայից աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի նախօրեին: Նրա տվյալներով՝ Մինդիչը սահմանը հատել է սովորական անձնագրով, այլ ոչ թե դիվանագիտական միջանցքով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական