Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ալպերում ներկայացրել է նոր կամավոր ռազմական ծառայության մանրամասները, որը նախատեսված է բավարարել զինված ուժերի կարիքները։ Ծառայությունը կսկսվի 2026 թվականի ամռանը և կտևի տասը ամիս։
Կամավորները պետք է լինեն 18-19 տարեկան երիտասարդներ, որոնք կընտրվեն ըստ իրենց պատրաստակամության և ռազմական ուժերի կարիքների։ Նրանք կստանան ռազմական կարգավիճակ, համազգեստ և ամսական 800 եվրո վարձատրություն, ինչպես նաև՝ բնակատեղի, սննդի և սարքավորումների ապահովում։
Ծառայությունը կազմված կլինի մեկ ամսվա հիմնական զինվորական պատրաստությունից և ինն ամիս զորամասում ծառայությունից՝ բացառապես Ֆրանսիայի տարածքում։ 2026 թվականին նախատեսվում է ընդունել 3000 երիտասարդ, 2030-ին՝ 10.000, իսկ 2035 թվականին թիվը պետք է հասնի 50.000-ի։
Մակրոնը նշել է, որ լուրջ ճգնաժամի դեպքում խորհրդարանը կարող է թույլատրել պարտադիր զորակոչ, և ծառայությունը կդառնա պարտադիր։ Նախագահը կապել է այս նախաձեռնությունը ռուսական սպառնալիքների և բարձրացող հակամարտության ռիսկերի հետ։