Միջազգային

Մամուլում հայտնվել է Թրամփի և Պուտինի օգնականների գաղտնի զրույցի ձայնագրությունը

Մամուլում հայտնվել է Թրամփի և Պուտինի օգնականների գաղտնի զրույցի ձայնագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Կրեմլի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովի հետ։ Bloomberg-ը հրապարակել է խոսակցության ձայնագրության ընդարձակ սղագրությունը, որից երևում է՝ Ուիթքոֆը Պուտինի օգնականին խորհուրդներ է տվել, թե ինչպես ստանալ Թրամփի բարեհաճությունը և նրա հետ հաջող բանակցություններ վարել:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ շուտով՝ հոկտեմբերի 17-ին, Սպիտակ տուն կայցելի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, և առաջարկել է, որ Պուտինը Թրամփի հետ խոսի մինչև այդ հանդիպումը։

Արտահոսքն ուշագրավ է՝ ներկայումս ընթացող ակտիվ բանակցությունների ֆոնին։

Ըստ Bloomberg-ի՝ զրույցում Ուիթքոֆը.

- առաջարկել է Ռուսաստանին մշակել Ուկրաինայի խաղաղության նոր պլան՝ Գազայի վերջին խաղաղ համաձայնության օրինակով, 

- խորհուրդ տվել, որ այդ գաղափարը Թրամփին անձամբ ներկայացնի Պուտինը, 

- հորդորել կազմակերպել Պուտին-Թրամփ հեռախոսազանգ մինչև Զելենսկու՝ Վաշինգտոն ժամանելը, 

- ընդգծել, որ Պուտինը պետք է շնորհավորի Թրամփին Գազայի համաձայնության կապակցությամբ և Ռուսաստանը ներկայացնի որպես խաղաղության ձգտող կողմ։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 16-ին, Պուտինն իսկապես զանգահարել է Թրամփին։ Թրամփը այդ խոսակցությունն անվանել էր «չափազանց արդյունավետ»։

Նախագահ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու։ «Հնարավոր է՝ Ջարեդ Քուշները նույնպես միանա», – ավելացրել է Թրամփը։

Ռուսաստանի «մեծ զիջումը», Թրամփի խոսքով, այն է, որ «դադարեցնում է կռիվը և այլևս հող չի գրավում»։

Լրագրողների հարցին՝ արդյոք Ուիթքոֆը չափազանց ռուսամետ չէ՞, Թրամփը պատասխանել է. «Եթե Ուկրաինան կարողանա համաձայնության գալ՝ դա լավ բան է... Ռուսաստանն ունի շատ ավելի շատ մարդ և զինվոր... Ուկրաինան շատ ավելի փոքր է»։

Խոսակցության արտահոսքի մասին Թրամփը մեկնաբանել է. «Դա սովորական բան է... Նա պետք է «վաճառի» այդ գործարքը և՛ Ուկրաինային, և՛ Ռուսաստանին։ Դա է գործարք կնքողի աշխատանքը»։

Bloomberg-ը չի հստակեցրել, թե ինչպես է ստացել խոսակցության ձայնագրությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական