Bloomberg-ը առանց տեղեկատվության աղբյուր նշելու՝ հրապարակել էր հոկտեմբերի 14-ի՝ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, ինչպես նաև՝ հոկտեմբերի 29-ի՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և Յուրի Ուշակովի միջև հեռախոսազրույցները։
Ըստ Bloomberg-ի՝ Դմիտրիևը Յուրի Ուշակովին հայտնել է, թե մտադիր է Սպիտակ տանը փոխանցել ռուսական տարբերակը հակամարտության կարգավորման պլանի. «Այս թուղթը պարզապես կանենք մեր դիրքորոշման տեսքով, և ես պարզապես ոչ պաշտոնապես կփոխանցեմ՝ ասելով, որ ամեն ինչ ոչ պաշտոնական է։ Իսկ նրանք թող անեն որպես իրենցը։ Բայց ես կարծում եմ, որ մեր տարբերակը ամբողջությամբ չեն վերցնի, բայց գոնե առավելագույնս մոտ կլինի դրան», – Դմիտրևին հղում անելով գրում է լրատվամիջոցը։
Ուշակովը մտահոգություն է հայտնում, որ ամերիկյան կողմը կարող է չընդունել ռուսական տարբերակը, բայց հետո ներկայացնել այն որպես համատեղ համաձայնեցված՝ «Հենց դրանից եմ վախենում»։
Դմիտրիևը հանգստացնում է նրան՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի ոչ պաշտոնապես և բառացիորեն կկրկնի Ուշակովի ցուցումները՝ «Ինչպես որ դուք ասեք՝ բառ առ բառ կասեմ»։
Ուշակովը դեռ կասկածում է՝ «Հետո կարող են աղավաղել… կա նման վտանգ» և ավարտում է «Դե լավ, տեսնենք»։
Դմիտրիևը համոզված է մնում՝ «Այդպես անենք… իսկ դուք էլ կարող եք հետո Սթիվ Ուիթկոֆի հետ խոսել այս թղթի շուրջ։ Զգուշորեն կանենք»։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հերքել է իրեն վերագրվող ձայնագրությունը, հայտարարել է, որ Bloomberg-ի կողմից իր և Ուշակովի խոսակցության սղագրության հրապարակումը կեղծիք է. «Որքան մոտենում ենք խաղաղությանը, այնքան ավելի հուսահատ են դառնում պատերազմի հրահրիչները»,- ասել է նա։