Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RTL ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված խաղաղության պլանը «ճիշտ ուղղությամբ քայլ» է, սակայն կան ասպեկտներ, որոնք բարելավման կարիք ունեն, որպեսզի այն ընդունելի դարձնեն Ուկրաինայի եւ Եվրոպայի համար:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան և եվրոպացի գործընկերները աջակցում են խաղաղությանը, բայց ոչ այնպիսի խաղաղության, որը կնշանակի «կապիտուլյացիա» Ուկրաինայի համար։ Նա ընդգծել է, որ միայն ուկրաինացիներն ունեն իրավունք որոշել՝ ինչ տարածքային զիջումների կարող են պատրաստ լինել։
«Նախագծված պլանը ավելի շատ պատկերացում է տալիս այն մասին, ինչն ընդունելի է ռուսների համար։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ընդունելի պետք է լինի ուկրաինացիների կամ եվրոպացիների համար»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ հնարավոր խաղաղության պայմաններում Ուկրաինայի առաջին պաշտպանության գիծը պետք է լինի սեփական բանակի արագ վերականգնումը, և այդ գործընթացի վրա սահմանափակում դնել չի կարելի։ Նա հավելել է, որ սառեցված ռուսական ակտիվները գտնվում են Եվրոպայում, և դրանց ճակատագրի շուրջ որոշումներ կարող է կայացնել միայն Եվրոպան։
Հարցին՝ արդյոք պատրաստ է մեկնել Վաշինգտոն՝ ավելի լավ պայմանավորվածության շուրջ բանակցելու, Մակրոն պատասխանել է, որ ներկայում նման ծրագիր չունի։