Աֆղանստանի թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը ռմբակոծել են Խոսթ նահանգի բնակելի տներից մեկը՝ սպանելով առնվազն 9 երեխայի (5 տղա և 4 աղջիկ) և մեկ կնոջ։
Ըստ Մուջահիդի՝ գիշերը ժամը 00:00-ի սահմաններում Պակիստանը հրթիռակոծել է Գերբզվո շրջանի բնակիչ Վիլայաթ Խանի տունը՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն։ Նա X-ում հրապարակել է զոհերի լուսանկարները։
Պակիստանի զինվորականները և ԱԳՆ-ն դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
Մուջահիդը նաև տեղեկացրել է, որ Պակիստանը հարձակումներ է իրականացրել նաև Կունար և Պակտիկա նահանգներում՝ վիրավորելով 4 քաղաքացիական անձի։
Հարձակումները տեղի են ունեցել Պեշավարում երեքշաբթի օրը տեղի ունեցած երկու ինքնասպան-ահաբեկչություններից մեկ օր հետո, որոնց զոհ էր դարձել երեք պակիստանցի սահմանապահ զինծառայող։
Պակիստանն ու Աֆղանստանը հոկտեմբերին բախումներ են ունեցել սահմանին՝ տասնյակ զոհերով. դա 2021 թ. թալիբների իշխանության վերադարձից ի վեր ամենածանր բախումն էր։ Կողմերը Դոհայում հաշտության համաձայնություն էին ստորագրել, սակայն Թուրքիայում խաղաղության բանակցությունները ձախողվել էին՝ Պակիստանին թշնամական խմբավորումների շուրջ տարաձայնությունների պատճառով, որոնք գործում են Աֆղանստանի տարածքից։