Այսօր առավոտյան Պակիստանի Պեշավար քաղաքում երեք ինքնասպան-ահաբեկիչ հարձակում է իրականացրել y սահմանապահ զորքերի շտաբ-բնակավայրի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք զինծառայող, վիրավորվել՝ առնվազն հինգ մարդ։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները նախ կրակ են բացել, ապա ներխուժել շտաբի տարածք և այնտեղ պայթեցրել իրենց։
«Առաջին ինքնասպան-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել գլխավոր մուտքի մոտ, մյուս երկուսը մտել են ներս»,– գրում է Reuters-ը։
Զորքի փոխհրամանատար Ջավեդ Իքբալը հաստատել է երեք զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունը. «Տարածքը շրջափակված է բանակի և ոստիկանության կողմից։ Գործողությունները ընթանում են զգուշությամբ, քանի որ կասկածում ենք, որ շտաբի ներսում դեռ կան ահաբեկիչներ»,– ավելացրել է պաշտոնյան։
Հարձակումը տեղի է ունեցել Պեշավարի խիտ բնակեցված թաղամասում՝ Հայբեր Փախթունխվա նահանգի մայրաքաղաքում։ Ճանապարհը փակվել է, տարածքը շրջափակվել է անվտանգության ուժերի կողմից։
Վիրավորներից հինգը, այդ թվում՝ երկու սահմանապահ զինծառայող, տեղափոխվել են հիվանդանոց։
Մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։