Միլանի դատախազությունը հետաքննում է 90-ականների ամենամութ գործը, երբ օտարերկրացիները գումար էին վճարում Սարաևոյում մարդ սպանելու համար։
Նոյեմբեր 21-ին Միլանի դատախազությունը պաշտոնապես քննություն է սկսել «Սարաևոյի սաֆարի» գործով՝ փորձելով բացահայտել նրանց, ովքեր 1992-96թթ. Սարաևոյի պաշարման ժամանակ որպես «դիպուկահար-տուրիստներ» ժամանել էին Բոսնիայի մայրաքաղաք՝ գումար վճարելով բոսնիացի սերբ զինվորներին, որպեսզի կրակեն քաղաքացիական անձանց վրա՝ զվարճանքի համար:
Այս շաբաթ խորվաթ հայտնի հետաքննական լրագրող Դոմագոյ Մարգետիչը Միլանի դատախազություն նոր մեղադրական փաստաթուղթ է ներկայացրել՝ ուղղակիորեն նշելով Սերբիայի ներկայիս նախագահ Ալեքսանդր Վուչիչի անունը: Ըստ Մարգետիչի հրապարակած նյութերի՝ 1990-ականների սկզբին երիտասարդ կամավոր Վուչիչը գտնվել է այն դիրքերից մեկում, որտեղից օտարերկրյա «հյուրերը» և սերբ ուլտրաազգայնական ստորաբաժանումները կրակել են Սարաևոյի բնակիչների վրա:
«Շատ-շատ իտալացիներ էին, գերմանացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ… մարդիկ, ովքեր սիրում են զենք ու սաֆարի: Նրանց համար Սարաևոն պարզապես մարդկային սաֆարի էր»,- ասել է Միլանում բնակվող գրող և հետաքննող Էզիո Գավացենին:
Սարաևոյի պաշարումը 20-րդ դարի եղել է ամենաերկարը՝ 1425 օր: Ավելի քան 10 000 մարդ զոհվել է հրետակոծություններից և դիպուկահարների գնդակներից, որոնցից շատերը եղել են երեխաներ: Ալեքսանդր Վուչիչը դեռ չի մեկնաբանել նոր մեղադրանքները: Դեռևս 2021թ. բոսնիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա կտրականապես հերքել էր՝ նման պնդումները քաղաքական մանիպուլյացիա որակելով:
Մինչդեռ Միլանի դատախազությունը շարունակում է հավաքել ապացույցներ: Գործին կցվել է նաև Սարաևոյի նախկին քաղաքապետ Բենյամինա Կարիչի զեկույցը, իսկ 2022թ. սլովեն ռեժիսոր Միրան Զուպանիչի «Sarajevo Safari» վավերագրական ֆիլմը նոր թափ է հաղորդել հետաքննությանը: