Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագիրը, հայտարարել է, որ ուկրաինական կողմը չի շտապի սուր հայտարարություններ անել և կենտրոնացած է հստակ ու ազնիվ աշխատանքի վրա։
«Այսօր հանդիպում ունեցա ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ Շատ լուրջ պատվիրակություն և չափազանց կարևոր զրույց։ Ամերիկյան կողմը ներկայացրել է իր առաջարկները՝ պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերը, իրենց տեսլականը։ Մենք պատերազմի առաջին իսկ օրից ունենք մեկ՝ չափազանց պարզ դիրքորոշում. Ուկրաինային խաղաղություն է պետք։ Իրական խաղաղություն, որը չի թույլ տա երրորդ ներխուժում։ Արժանավոր խաղաղություն՝ հարգանքով մեր անկախության, ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության հանդեպ», – գրել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ հենց այդպիսի պայմաններ պետք է ապահովվեն։
«Ես նշել եմ, թե ինչն է մեզ համար սկզբունքային։ Պայմանավորվել ենք, որ թիմերը կաշխատեն այդ առաջարկների վրա՝ որպեսզի դրանք իրական լինեն։ Մենք սուր հայտարարություններ չենք անի և կենտրոնացած ենք հստակ, ազնիվ աշխատանքի վրա՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և մեր գործընկերները Եվրոպայում ու աշխարհում», – հավելել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ վերջին օրերին բազմաթիվ զրույցներ է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ և ակնկալում է առաջիկայում խոսել նախագահ Թրամփի հետ։
«Մենք հասկանում ենք, որ Ամերիկայի ուժը և աջակցությունը կարող են իրականում մոտեցնել խաղաղությանը, և մենք չենք ուզում կորցնել դա։ Միաժամանակ հասկանում ենք նաև, որ Ռուսաստանն իրական ցանկություն չունի խաղաղության, հակառակ դեպքում նա այս պատերազմը չէր սկսի։ Բազմաթիվ գնահատականներ կան՝ բավականին արդարացի, որ Ռուսաստանն ամբողջ տարին փորձում է միայն մեկ բան՝ հետաձգել պատժամիջոցները և ժամանակ շահել պատերազմի համար»,– բացատրել է Զելենսկին։
Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն ունի բավարար ուժ՝ ստիպելու Ռուսաստանին վերջապես լուրջ վերաբերվել պատերազմի դադարեցմանը։
«Ես դրա համար էլ կշարունակեմ աշխատել հարյուր տոկոսով՝ ողջ ժամանակս նվիրելով հենց դրան։ Ուկրաինային խաղաղություն է պետք, և Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի աշխարհում ոչ ոք չկարողանա ասել, թե իբր մենք ենք խոչընդոտում դիվանագիտությանը։ Սա կարևոր է», – ընդգծել է նա։