Բրազիլիայի Բելեմ քաղաքում անցկացվող COP30 կլիմայական համաժողովի հազարավոր մասնակիցներ տարհանվել են՝ տաղավարներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով։
Բրիտանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ մասնակիցներից մի մասը լքել է տարածքը և վերադարձել հյուրանոցներ, իսկ մյուսները արևից պաշտպանվելու համար ապաստանել են մոտակա բենզալցակայանում։
Հրդեհի բռնկման պահին գագաթնաժողովի մասնակիցներն ավարտում էին բանակցությունները՝ փորձելով համաձայնության գալ այն քայլերի շուրջ, որոնք տարբեր երկրները պետք է ձեռնարկեն գլոբալ կլիմայական փոփոխության դեմ պայքարում։
«Կրակը սկսեց տարածվել պատերով ու առաստաղով, բոլորը սկսեցին գոռալ», – BBC-ին ասել է բժշկուհի Հարշիտա Ումեշը, որը ելույթ էր ունենում հրդեհի օջախի մոտ։ «Հետո ես վազեցի։ Կարծես թե սայթաքեցի ու ընկա»։
BBC-ի լրագրողների փոխանցմամբ՝ հրդեհի սկզբից ավելի քան մեկուկես ժամ անց երկու շտապօգնության մեքենա մուտք է գործել համաժողովի կենտրոնի տարածք։
ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ հրշեջ ծառայությունները ստուգում են տարածքը՝ անվտանգության մակարդակը գնահատելու համար։
ՄԱԿ-ի հովանավորությամբ անցկացվող կլիմայական բանակցություններին մասնակցում են հազարավոր մարդիկ՝ մոտ 200 երկրների պատվիրակություններով։