Միջազգային

Կոնգրեսի նախկին աշխատակցուհին իր դեմ հարձակում է բեմադրել

Կոնգրեսի նախկին աշխատակցուհին իր դեմ հարձակում է բեմադրել

ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է առաջադրել Կոնգրեսի 26-ամյա նախկին աշխատակցուհի Նատալի Գրինին՝ հայտարարելով, որ նա քաղաքական դրդապատճառներով ինքնադրված դաժան հարձակում է բեմադրել և դրա համար մարդ է վարձել, որպեսզի իրեն դանակահարի։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գրինն իր հանցակցի հետ բեմադրել է հարձակումը Նյու Ջերսի նահանգի Էգգ Հարբոր բնության արգելոցի անտառային արահետում։ Ոստիկանություն զանգահարելով՝ նրանք հայտնել են, թե երեք զինված տղամարդ հարձակվել է Գրինի վրա, կապկպել նրան, նրա որովայնին գրել «Trump whore» («Թրամփի պոռնիկ») և հասցրել մոտ մեկ տասնյակ հարված։

Գրինն իրավապահներին ասել էր, որ դեպքը կապված է Նյու Ջերսիի հանրապետական կոնգրեսական Ջեֆերսոն Վան Դրյուի աշխատակազմում իր նախկին աշխատանքի հետ։

Գրինին մեղադրանք է ներկայացվել հարձակման մասին կեղծ հաղորդում տալու դավադրության և ոստիկանությանը կեղծ ցուցմունք տալու համար։

Քննությամբ պարզվել է, որ Գրինի և նրա հանցակցի ցուցմունքները չեն համընկնում։ Բացի այդ, հանցակիցը միջադեպից անմիջապես առաջ ինտերնետում որոնել էր «zip ties near me» («պլաստիկ սեղմակներ մոտակայքում»), և նույն տեսակի սեղմակներ հայտնաբերվել են Գրինի մեքենայում։

Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, Գրինին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 500 հազար դոլար տուգանք։ Նա ներկայումս ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական