Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկությամբ հաստատել է արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի հրաժարականը։
Նրանք կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էին հայտնվել՝ «Էներգոատոմ» պետական ընկերությունում բացահայտված կոռուպցիոն սխեմայի պատճառով։
Հալուշչենկոյի հրաժարականի օգտին քվեարկել է 323 պատգամավոր, իսկ Գրինչուկի հրաժարականի օգտին՝ 315-ը։
Նախօրեին քվեարկությունը չէր կայացել, քանի որ ընդդիմությունը արգելափակել էր Ռադայի ամբիոնը՝ պահանջելով ամբողջ կառավարության հրաժարականը։
Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ պատգամավորները անցնում են «ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությունների ռեժիմի»։
Նոյեմբերի 10-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՆԱԲՈւ) հրապարակել էր «Էներգոատոմ» ընկերությունում (որն առկա է որպես 100%-ով պետական և շահագործում է Ուկրաինայի բոլոր ատոմակայանները) կոռուպցիոն սխեմայի քննության նյութերը։
ՆԱԲՈւ-ի տվյալներով՝ մեծածավալ «օտկատների» սխեմայում ներգրավված են եղել կառավարության մի շարք նախկին և գործող անդամներ, իսկ բացահայտված հանցավոր կազմակերպության ղեկավարը, ըստ բյուրոյի, եղել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հավատարիմ ծանոթ, գործարար Տիմուր Մինդիչը։
Իրավապահների գնահատմամբ՝ հանցավոր խմբին հաջողվել է ստանալ տասնյակ միլիոնավոր դոլարների ապօրինի եկամուտ։
Նոյեմբերի 11-ին ՆԱԲՈւ-ն հայտնել էր գործով հինգ անձի ձերբակալության և ևս յոթի՝ այդ թվում Մինդիչի ու նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի, նկատմամբ կասկածանքի առաջադրման մասին։ Սակայն Մինդիչը խուզարկությունից անմիջապես առաջ հասցրել էր լքել Ուկրաինան։