Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու համար, և կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի դիրքորոշումներում փոփոխություններ չեն լինի. ըստ վրացական կողմի տարածած հաղորդագրության, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը կիսում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ընդհանուր ցանկությունը։
«Մեր ընդհանուր ձգտումն է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև ներքաղաքական կայունությունը։ Ես հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի ժողովուրդները կգնահատեն մեր կառավարությունների ջանքերը՝ մեր երկրների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար», - ասել է ՀՀ նախագահը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։
«Վստահ ենք, որ այս թափով և տեմպով ապագայում մեծ հաջողությունների կհասնենք մեր հարաբերությունների հետագա զարգացման առումով», - ասել է վարչապետը։