Միջազգային

Ռուս-բրիտանական նավատորմային սկանդալ է հասունանում

Ռուս-բրիտանական նավատորմային սկանդալ է հասունանում

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ռուսական հետախուզական նավը առաջին անգամ լազեր է կիրառել՝ խոչընդոտելու բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչուներին, որոնք բրիտանական ջրերին մոտ հետևում էին նավի գործողություններին։

ՄԹ պաշտպանության նախարար Ջոն Հիլի խոսքով, «Յանտար» նավի այս «չափազանց վտանգավոր» գործողությունները կառավարությունը գնահատում է «ծայրահեղ լրուջ»։

Հիլին նշել է, որ ռուսական նավը գտնվել է Շոտլանդիայի հյուսիսում և վերջին շաբաթներին այս տարի արդեն երկրորդ անգամ է մտել Միացյալ Թագավորության տարածքային ջրեր։

«Մենք շարունակում ենք հետևել նավին և ունենք ռազմական պատրաստված տարբեր տարբերակներ, եթե «Յանտարը» փոխի իր ուղությունը», – հայտարարել է նախարարը։

«Իմ ուղերձը Ռուսաստանին և Պուտինին հետևյալն է. մենք տեսնում ենք ձեզ, մենք գիտենք, թե ինչ եք անում։ Եվ եթե «Յանտարը» այս շաբաթ շարժվի դեպի հարավ, մենք պատրաստ ենք»,– ընդգծել է Հիլին։

Նա պարզաբանել է, որ լազերային միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Յանտարին» ուղեկցում էին Թագավորական նավատորմի ֆրեգատը և Poseidon P-8 հակասուզանավային ինքնաթիռները, որոնք ուղարկվել էին «նավի յուրաքանչյուր շարժմանը հետևելու համար»։

Միջադեպը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Հիլին հավելել է, որ փոխել է Թագավորական նավատորմի ուժերի կիրառման կանոնները, որպեսզի դրանք կարողանան ավելի սերտորեն վերահսկել «Յանտարին» բրիտանական ափամերձ ջրերում գտնվելու ժամանակ։

Նախարարի տվյալներով՝ 2015 թվականին շահագործման հանձնված նավը պատկանում է Ռուսաստանի խորքային հետազոտությունների գլխավոր վարչությանը, որը ստեղծված է «խաղաղ ժամանակ հետախուզություն իրականացնելու, իսկ հակամարտության դեպքում՝ դիվերսիոն գործողություններ կատարելու համար»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական