Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր քաղաքականության մասին։ Այս մասին գրում է թուրքական Anadolu պետական գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր»,- ասել է նա։
Ըստ Ֆիդանի՝ իրենք նախապես են հայտարարել սրա մասին.
Նա նշել է, որ իրենց համար կարևոր են Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը։
Ֆիդանը, սակայն, ընդգծել է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի դեմ լծակ է՝ հասնելու տարածաշրջանում ամբողջական խաղաղության։
«Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, մենք կվերացնենք այն հիմնական պատճառը, թե ինչու Հայաստանը պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ։ Հետևաբար, կա հնարավորություն, որ մենք տարածաշրջանում կբախվենք սառեցված հակամարտության։ Մենք դա չենք ուզում»,- ընդգծել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում չեն քննարկվում երկու հարց. մեկը՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր: Նա նշել է՝ երբ այդ հարցերը լուծվեն, և ստորագրվի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ։