-Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ ընթրիքին մասնակցել է նաև Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը։ Սա նրանց երկրորդ համատեղ հանրային միջոցառում էր այս տարվա սկզբին տեղի ունեցած սուր հրապարակային վեճից հետո։
Ըստ Reuters-ի՝ Մասկի ներկայությունը կարող է վկայել Թրամփի հետ լարված հարաբերությունների հաշտեցման մասին։
Անցած տարի Մասկը ֆինանսապես աջակցել և քարոզել էր Թրամփի նախընտրական արշավը, իսկ այս տարվա սկզբին դարձել էր նախագահի մտերիմ խորհրդականը՝ ղեկավարելով Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) և վերահսկելով դաշնային ծախսերի ու աշխատատեղերի կրճատումները։
Սակայն շուտով նրանց միջև առաջացել էր խորքային տարաձայնություն։ Մասկը սոցիալական ցանցերում քննադատել էր Թրամփի հարկային և ծախսային մեծածավալ օրենքը՝ անվանելով այն ֆինանսական անպատասխանատու, և հայտարարել էր նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Թրամփը հակադարձել էր՝ սպառնալով դադարեցնել Մասկի ընկերություններին տրվող միլիարդավոր դոլարների դաշնային սուբսիդիաները։
Դրանից հետո Մասկն ու Թրամփը հազվադեպ են հանրության առաջ միասին երևացել։
Վերջին անգամ նրանց տեսել էին սեպտեմբերին՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակի միջոցառման ժամանակ ձեռք սեղմելիս։