Իսրայելի ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում՝ պաղեստինյան փախստականների Էյն էլ-Հիլվե ճամբարում, զոհվել է առնվազն 13 մարդ։
Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել մեքենային, որը կայանված էր Սիդոն ծովափնյա քաղաքի մոտ գտնվող ճամբարի մզկիթի կայանատեղիում։
Նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ՝ հավելելով, որ «շտապօգնության մեքենաները շարունակում են վիրավորներին տեղափոխել մոտակա հիվանդանոցներ»։
Իսրայելը հայտարարել է, որ հարվածը հասցվել է ՀԱՄԱՍ-ի անդամներին, որոնք գործում էին փախստականների ճամբարում գտնվող ուսումնական կենտրոնում։
«Երբ մենք հայտարարում ենք, որ չենք հանդուրժի որևէ սպառնալիք մեր հյուսիսային սահմանին, դա վերաբերում է բոլոր ահաբեկչական խմբավորումներին, որոնք գործում են տարածաշրջանում», – արաբերեն գրառմամբ հայտարարել է Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային։ «Մենք կշարունակենք վճռականորեն հակազդել ՀԱՄԱՍ-ի՝ Լիբանանում ամրապնդվելու փորձերին և կվերացնենք մեր անվտանգությանը սպառնացող նրա տարրերը»։
ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսրայելի հայտարարությունը՝ որակելով այն «հորինվածք» և ընդգծելով, որ խմբավորությունը Լիբանանի փախստականների ճամբարներում ուսումնական բազաներ չունի։