Հնդկացի 35-ամյա Սայեդ Ռաշիդը Սաուդյան Արաբիայում ուխտավորների մասնակցությամբ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով կորցրել է 18 հարազատի, այդ թվում՝ ծնողներին, հաղորդում է Hindustan Times-ը։
Հնդկաստանի Թելանգանա նահանգի կառավարությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում ուխտավորներ տեղափոխող խոշոր ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։
«Նա հրաժեշտ տվեց նրանց ընդամենը մի քանի օր առաջ, երբ նրանք մեկնում էին Սաուդյան Արաբիա։ Նա չգիտեր, որ այլևս երբեք չի տեսնի նրանց։ Սա ծանր կորուստ է 35-ամյա Սայեդ Ռաշիդի համար, ով Սաուդյան Արաբիայի Մեդինայի մոտակայքում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով կորցրել է ընտանիքի 18 անդամի»,- հաղորդում է հրատարակությունը։
Ընտանիքի ամենամեծ անդամը 70 տարեկան էր, ամենափոքրը՝ 2։ Ողջ է մնացել միայն մեկ անդամ։ Նշվում է, որ 18 անդամից 11-ն ապրում էին մեծ, եռահարկ տանը, որն այժմ դատարկ է, 7 բարեկամ հյուր էին եկել։
Պարզվում են վթարի հանգամանքները։ Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը բախվել է դիզելային վառելիքի ցիստեռնի։ Ողբերգությանը կարող էին նպաստել տեխնիկական անսարքությունները և ուղևորափոխադրման կանոնների խախտումները։