Ճապոնիայում արջերի հաճախակի հարձակումները զբոսաշրջիկների համար դարձել են նոր վտանգ։
Շիրակավա-գո գյուղի 40-ամյա պաշտոնյա Շիրոկի Միցունարին հայտնել է, որ անցած ամիս արջի ձագը հարձակվել է իսպանացի զբոսաշրջիկի վրա․ այս միջադեպից հետո գյուղի բնակիչների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ծղոտե տանիքներով պատմական տները տեսնելու եկող հազարավոր այցելուների անվտանգությունը դարձել է նրա գլխավոր հանձնառությունը։
«Արջերն ավելի ու ավելի շատ են իջնում»,– նշել է նա։
Շիրակավա-գոն գտնվում է Տոկիոյից և Օսակայից մոտավորապես հավասար հեռավորության վրա։
Միցունարին արջերի ակտիվության աճը կապում է նրանց թվաքանակի ավելացման և բնական կերերի սակավության հետ։
Իսպանացի զբոսաշրջիկը ստացել է թեթև վնասվածքներ, սակայն միջադեպից հետո իշխանությունները մեղրով թակարդների միջոցով արդեն բռնել են վեց արջ՝ գյուղի պատմական հատվածի մերձակայքում։ Պաշտոնյայի տվյալներով՝ այս տարի հայտնաբերվել է ավելի քան 100 արջ՝ նախորդ տարվա մոտ 35-ի փոխարեն։
NHK հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ամբողջ երկրում ապրիլից ի վեր արջերի հարձակումներից տուժել է ռեկորդային թվով՝ 220 մարդ։ Զոհվել է 13 քաղաքացի, որոնցից յոթը՝ անցած ամիս, երբ արջերը ձմեռային քնից առաջ ակտիվորեն սնունդ են որոնում։
Հարձակումների մեծ մասը գրանցվել է հեռավոր բնակավայրերում, որտեղ օտարերկրյա զբոսաշրջիկներ հազվադեպ են այցելում։