Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնումը Ուկրաինային կամ տեղափոխումը երրորդ երկիր։
Աջարիայի հանրային հեռուստաընկերության «Ազատ տարածք» հաղորդման եթերում Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները։
«Սահակաշվիլիին արտահանձնելու շանս չկա։ Այստեղ ամեն ինչ ակնհայտ է, թե ինչպիսի բարեխղճության հետ գործ ունենք։ Երբ նման մարդիկ խոսում են Սաակաշվիլիի տեղափոխման մասին, մենք, իհարկե, չենք կարող լուրջ ընդունել նման հայտարարությունները»,- ասել է Կոբախիձեն։
Նոյեմբերի 16-ին Պոդոլյակը «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Սաակաշվիլիի տեղափոխման հարցը «ակտիվորեն մշակվում է» և մտնում է Ուկրաինայի օրակարգ։
Նոյեմբերի 14-ին Սաակաշվիլին բանտից դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով իր անունը ներառել ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ գերիների փոխանակման ցուցակում։ Դիմումը հնչել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին նրան «Վիվամեդ» կլինիկայից վերադարձրել էին բանտ։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի բանտում է 2021 թվականի հոկտեմբերից՝ երկիր վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվելուց ի վեր։ Ազատազրկման ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ 2022 թվականի մայիսից նա բուժում էր ստանում Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում։