Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայում խաղաղության ծրագրին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայում խաղաղության ծրագրին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է Գազայի հատվածում միջազգային զինվորական կոնտինգենտի տեղակայումը։

Բանաձևով թույլատրվում է անցում կատարել Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի երկրորդ փուլին, որը ներառում է Գազայի ապառազմականացման համար Միջազգային կայունացման ուժերի ստեղծում և անցումային կառավարման մարմինների ձևավորում։

Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, քվեարկել են կողմ։ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել, սակայն չեն կիրառել վետոյի իրավունքը։

Փաստաթղթում նշվում է նաև պաղեստինյան պետության ստեղծման հեռանկարը, որը ներառվել է արաբական երկրների պահանջով։ Իսրայելը դեմ է այդ դրույթին։

ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ Միջազգային կայունացման ուժերում կմասնակցեն տարբեր երկրների զինվորական ստորաբաժանումներ, սակայն մասնակից երկրների ցանկը չեն մանրամասնել։

Բանաձևի ընդունումից անմիջապես հետո ՀԱՄԱՍ-ը մերժել է այն՝ հայտարարելով, որ փաստաթուղթը «չի պաշտպանում պաղեստինյան ժողովրդի իրավունքներն ու պահանջները»։

«Թրամփի ծրագիրը Գազայի հատվածում պարտադրում է միջազգային հոգաբարձության մեխանիզմ, որը մեր ժողովուրդը մերժում է»,– նշված է ՀԱՄԱՍ-ի Telegram-յան ալիքում տարածված հաղորդագրությունում։

Բանաձևի վերջնական տարբերակով սահմանվում է, որ Միջազգային կայունացման ուժերի գործառույթներից մեկը կլինի «ոչ պետական զինված խմբավորումների զենքի անժամկետ հանձնումը»։ Այդ խմբավորումներից է նաև ՀԱՄԱՍ-ը։ Ուժերը կնպաստեն նաև քաղաքացիական բնակչության անվտանգությանը և մարդասիրական օգնության ուղիների ապահովմանը։

Բացի այդ, նախատեսվում է Գազայում ստեղծել նոր պաղեստինյան ոստիկանություն, որը կգործի Միջազգային կայունացման ուժերի հետ համագործակցությամբ և կկատարի համակարգող դեր Իսրայելի ու Եգիպտոսի հետ։ Մինչ օրս Գազայի ոստիկանությունը վերահսկվում էր ՀԱՄԱՍ-ի կողմից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական