ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի միջև առճակատումը վերածվել է բացահայտ հակամարտության։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պետք է քվեարկեն «Էպշտեյնի ֆայլերի» հրապարակման օգտին:
«Մենք ոչինչ չունենք թաքցնելու, և ժամանակն է հրաժարվել այդ դեմոկրատական միստիֆիկացիայից»,- գրել է Դոնալդ Թրամփը: Նա հավելել է, որ Պալատի հսկողության կոմիտեն «կարող է ստանալ ամեն ինչ, ինչին ունի օրինական իրավունք»։
Թրամփը նաև գրել է, որ Հանրապետական կուսակցության որոշ «անդամների» «օգտագործում են», և «մենք չենք կարող դա թույլ տալ»: Միևնույն ժամանակ նա չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը:
Վերջին օրերին Թրամփի և հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի միջև առճակատումը բացահայտ հակամարտության է վերածվել «Էպշտեյնի ֆայլերի» հրապարակման պատճառով:
Ուրբաթ օրը սոցիալական ցանցերում նա Գրինին անվանել է «խելագար» (wacky) և հայտարարել, որ նա պետք է կորցնի մանդատը հաջորդ ընտրություններում:
Իսկ շաբաթ օրը նա ավելի հեռուն է գնացել՝ անվանելով նրան «դավաճան»:
Ի պատասխան այդ հարձակումների՝ Գրինը վերջին օրերին սկսել է կասկածներ հայտնել, թե արդյոք Թրամփը դեռ հավատարիմ է մնում America First («Ամերիկան նախ և առաջ») սկզբունքին, և քննադատել է նրա արձագանքը Ջեֆրի Էպշտեյնի գործով նյութերի հրապարակմանը:
Հակամարտությունը սրվել է Ներկայացուցիչների պալատում «Էպշտեյնի ֆայլերը» հրապարակելու հարցի առաջիկա քննվածման ֆոնին:
Պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է օրենքի նախագիծը քվեարկության դնել այս շաբաթ:
Politico-ի տվյալներով՝ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն երեքշաբթի: