Միջազգային

Բանգլադեշի նախկին վարչապետը մահապատժի է դատապարտվել

Բանգլադեշի նախկին վարչապետը մահապատժի է դատապարտվել

Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետ Շեյխ Հասինային մահապատժի է դատապարտել մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։

Դատարանի դահլիճում ներկաները վճիռը ընդունել են բուռն ծափահարություններով։

Շեյխ Հասինան 2024 թ. օգոստոսին հրաժարական էր տվել բողոքի ցույցերի հետևանքով։ 78-ամյա նախկին վարչապետը ներկայումս Հնդկաստանում է։ Նա հեռավար ճանաչվել է մեղավոր երեք հոդվածով՝ այդ թվում հրահրման, սպանություններ հրահանգելու և զանգվածային վայրագությունները կանխելուց հրաժարվելու համար։

«Մենք որոշել ենք նրան նշանակել միայն մեկ պատիժ՝ մահապատիժ»,- ընթերցել է դատավորը։

Բանգլադեշում մահապատիժը կատարվում է կախաղանով։

Հնդկաստանից հրապարակված հայտարարությամբ Հասինան դատավճիռը որակել է «կողմնակալ և քաղաքականացված»՝ նշելով. «Իմ դատապարտումը նախապես էր որոշված»։

Մահապատժի է դատապարտվել նաև ներքին գործերի նախկին նախարար Ասադուզզաման Խան Կամալը, որն այդպես էլ չի ներկայացել արդարադատությանը։

Ոստիկանության նախկին պետ Չոուդհուրի Աբդուլլա Ալ-Մամունը, որը ներկայացել է դատարան և ընդունել մեղադրանքը, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հասինայի իշխանության պահպանումը ուղեկցած ճնշումների հետևանքով զոհվել է մինչև 1400 մարդ, և այդ մահերը դարձել են նրա դատավարության կարևորագույն թեման։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական